Զագսի թուղթն Իրանում կամ մի քանի էջանոց ամուսնական պայմանագիր

Զագսի թուղթն Իրանում կամ մի քանի էջանոց ամուսնական պայմանագիր

Երբ մենք որոշում ենք ամուսնանալ և օրինականացնել սիրելիի հետ մեր հարաբերությունները, գնում ենք ՔԿԱԳ (ավելի պարզ՝ զագս) և դիմում ենք գրում, որով պետությունը մեզ ճանաչում է ամուսիններ։ Մեր հարևան Իրանում էլ նույնն է, միայն թե 2 էջանոց ամուսնության վկայականի փոխարեն այստեղ կնքվում է ամուսնական պայմանագիր՝ մի քանի տասնյակի հասնող էջերով։ Այլ կերպ ասած, Իրանում ամուսնություն առանց հստակ պայմանների գոյություն չունի։

Ամուսնական պայմանագիրը բաղկացած է հիմնականում երեք մասից․ 1․ ամուսնալուծության պատճառները (այս ցանկը բավականին երկար է, որից ամուսնացողներն ընտրում են այն բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ են համարում), 2․ այլ պայմաններ (այն բոլոր կետերը, որոնք նորապսակները կարևոր են համարում կյանքի այս կամ այն խնդիրները լուծելու, տարբեր բարդ իրավիճակներից դուրս գալու համար), 3․ ամուսնու հարսանեկան նվերը կնոջը՝ մեհրիեն։

Հիմա այս կետերի մասին առանձին-առանձին։

Ամուսնալուծության համար կարող են լինել միանգամայն տարբեր պատճառներ։ Դրանց թիվը մեկ-երկուսից կարող է հասնել մի քանի տասնյակի։ Ներքոհիշյալ բերվում են կնոջ կողմից առաջադրված, ամենից հաճախ հանդիպող պայմանները, որոնց դեպքում նա իրավունք ունի ապահարզան պահանջել՝

1․ Ամուսինը 6 ամսվա ընթացքում կնոջ ապրուստի համար գումար չի տալիս,
2․ Կնոջ հետ այնքան վատ է վարվում, որ նրա կյանքն այլևս անտանելի է,
3․ Ամուսինն անբուժելի հիվանդ է,
4․ Ամուսինը հոգեկան խանգարում է ստանում,
5․ Ամուսինը հրաժարվում է ենթարկվել դատարանի որոշմանը, որով նրան արգելվում է զբաղվել կնոջ պատվին վնաս հասցնող գործունեությամբ,
6․ Ամուսինը դատապարտվում է ավելի քան հինգ տարվա ազատազրկման,
7․ Ամուսինը ձեռք է բերում վատ սովորույթներ, որոնք բարդացնում են կնոջ կյանքը,
8․ Ամուսինը լքում է ընտանիքն առանց հիմնավոր պատճառի (պատճառի հիմնավոր լինելը որոշում է դատարանը),
9․ Ամուսինը ազատազրկվում է մի հանցանքի համար, որը վնաս է հասցնում կնոջ պատվին,
10․ Հինգ տարվա ամուսնական կյանքից հետո զույգը երեխաներ չի ունենում ամուսնու անպտղության կամ ֆիզիկական այլ խնդրի պատճառով,
11․ Ամուսինն անհայտ կորում է և կնոջ կողմից ոստիկանություն հիմելուց հետո 6 ամսվա մեջ չի գտնվում,
12․ Ամուսինն ամուսնանում է այլ կնոջ հետ առանց առաջին կնոջ թույլտվության։

Առանձին պայմաններ

Այստեղ կարող են տեղ գտնել կյանքի տարբեր իրավիճակներին վերաբերող ամենաբազմազան լուծումներ։ Օրինակ՝ ով պետք է վճարի տան կամ մեքենայի համար, կինն իրավունք ունի փոխել աշխատանքը առանց ամուսնու թույլտվության, ով և ինչ պայմաններում պետք է վճարի ալիմենտ, ամուսնալուծության դեպքում ում հետ են ապրելու երեխաները, և այլն։

Մեհրիե

Սա երևի թե իրանական ամուսնական պայմանագրի ամենահետաքրքիր և ամենակարևոր կետն է, որը իրանցի տղամարդկանց ստիպում է զգուշանալ և ամուսնանալուց առաջ երկար մտածել։ Մեհրիեն այն նվերն է (գումարի տեսքով), որն ամուսինը վճարում է կնոջը որպես ամուսնական նվեր։ Իհարկե, կախված զույգի սոցիալական դիրքից, ֆինանսական կարողությունից և կնոջ ախորժակից, մեհրիեն կարող է խիստ տարբերվել (կարող է լինել հստակ գումարի չափ, կամ կնոջ քաշով ոսկի)։ Բայց եթե խոսենք խիստ միջինացված թվերով, ապա մեհրիեն միջինում կազմում է մոտ 100,000 ԱՄՆ դոլար։ Այլ տվյալներով՝ 250 ոսկե մետաղադրամ։ Այս գումարը չպետք է խառնել ընտանիքի ապրուստի գումարի, ամուսնալուծության դեպքում ալիմենտների հետ։ Սա հենց կնոջ նվերն է, որը ամուսինը պետք է նրան տա առաջին իսկ պահանջի դեպքում, իսկ ամուսնալուծության դեպքում՝ անմիջապես դրանից հետո։

Իհարկե, հասկանալի է, որ ոչ բոլոր ամուսինները կարող են ցանկացած պահի բացել դրամապանակն ու 100,000 դոլար դնել սեղանին, սակայն այն չվճարելու ցանկացած որոշում ամուսնուն կարող է փակել ճաղերի ետևում։ Այլ կերպ ասած, սա այն զենքն է, որը կնոջը տալիս է երաշխիքներ, որ ամուսինը չի լքի իրեն ու երեխաներին։ Իսկ եթե որոշի լքել,ապա բառիս բուն իմաստով խիստ թանկ կվճարի։
Երբեմն իհարկե հանդիպում են շատ ծիծաղելի, տարօրինակ և կրեատիվ պահանջներ, որոնք ադեկվատ գլխում չեն տեղավորվում։ Գուգլում “տարօրինակ մեհրիե” փնտրելու դեպքում (բնականաբար, պարսկերեն լեզվով) կարող եք հանդիպել մի շարք աբսուրդ պահանջների՝
– 500,000 վարդ
– Մոլավիի ժողովածուի՝ ձեռքով արտագրած հատորյակը (մի քանի հազար տող)
– 1978 հատ թենիսի գնդակ
– 2 կարապ
– 10 վայրի եղնիկ
– արտասահմանյան ուղևորություն 2 ամիսը մեկ անգամ
– 10,000 լիտր բենզին

Ինչ վերաբերում է բազմակնությանը, ապա, որքան էլ իսլամում այն ընդունված լինի, պրակտիկորեն քիչ հանդիպող երևույթ է։ Պատճառները, կարծում եմ, ինքներդ էլ կարող եք հասկանալ :)))

Leave a comment